haystar.net.ru
 Անկախ լրատվական, հոդվածներ տարբեր թեմաներով
Главная » 2017 » Մարտ » 1 » Ինչպես է «անիծյալ» ԱՄՆ-ը փրկել ԽՍՀՄ-ին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, կամ առ այն, որ չի կարելի լավությունն ուրանալ Հեղինակ՝ Համլետ Մելիքյան
19:37
Ինչպես է «անիծյալ» ԱՄՆ-ը փրկել ԽՍՀՄ-ին Երկրորդ աշխարհամարտի տարիներին, կամ առ այն, որ չի կարելի լավությունն ուրանալ Հեղինակ՝ Համլետ Մելիքյան
Մինչև այժմ ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի պատմության բազմաթիվ փաստեր ու դրվագներ ժամանակակից Ռուսաստանի իշխանությունները ջանում են լռության մատնել, իսկ մի քանի կարևոր փաստեր պատշաճորեն չեն ներկայացվել: Ուրացման այս քաղաքականության հետևանքով այսօր Խորհրդային Միության նախկին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գաղափար անգամ չունի ամերիկյան «Լենդ լիզ» ծրագրի ու դրա շրջանակում Խորհրդային Միությանը ցուցաբերված հսկայածավալ օգնության մասին: ԱՄՆ-ի նկատմամբ թշնամանք սերմանողների ջանքերի արդյունքում հատկապես երիտասարդ սերնդի գիտակցության մեջ այն համոզումն է ձևավորվել, թե ֆաշիստական Գերմանիային ԽՍՀՄ-ը միայնակ է հաղթել, և շատ քչերը գիտեն ԽՍՀՄ-ին մատակարարված ռազմական տեխնիկայի, պարենամթերքի, զենքի, հանդերձանքի, զինամթերքի, դեղերի ու բուժսարքավորումների ու նաև ռազմավարական հումքի մասին: Որոշակի քաղաքական դրդապատճառներով այդ մատակարարումները մինչև 1992 թվականը խստորեն գաղտնագրվել էին, և այդ մատակարարումների մասին գիտեին միայն դրանց անմիջական մասնակիցները:

«Լենդ լիզ» ի շրջանակում Խորհրդային Միությունն ստացել է 9, 8 միլիարդ դոլար կազմող օգնություն: Ամերիկյան օգնությունը գերմանացիներին ջախջախելուն նպաստող կարևորագույն գործոններից մեկն է եղել: Մինչդեռ խորհրդային իշխանությունները ոչ միայն արհեստականորեն բացասական կարծիք են արմատավորել ամերիկյան օգնության վերաբերյալ, այլև խիստ գաղտնի են պահել այդ օգնության մասին փաստերը: Սկզբում ամերիկյան այս ծրագրում ընդգրկվում են Բրիտանական կայսրության մաս կազմող երկրներն ու Չինաստանը, 1941-ի նոյեմբերից` նաև ԽՍՀՄ-ը, իսկ պատերազմի վերջում` ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները: «Լենդ լիզ» ծրագրով մատակարարումների ընդհանուր ծավալը կազմել է 50, 1 միլիարդ ամերիկյան դոլար (2008 թվականի գներով` 612, 88 միլիարդ դոլար), որից 31, 4 միլիարդը` Մեծ Բրիտանիային, 11, 3 միլիարդը` ԽՍՀՄ-ին (2008-ի գներով` 138, 23 միլիարդ դոլար), 2, 3 միլիարդը` Ֆրանսիային, 1, 6 միլիարդը` Չինաստանի Հանրապետությանը:
1941-ի սեպտեմբերին Ստալինը Չերչիլին հետևյալն է հեռագրում.
«…Այս ամենը հանգեցրեց մեր պաշտպանունակության թուլացմանն ու Խորհրդային Միությանը կանգնեցրեց մահացու վտանգի առջև: Այստեղ տեղին է հարցը, թե ինչպես դուրս գալ այս` ավելի քան անբարենապաստ իրավիճակից: Ես մտածում եմ, որ այդպիսի իրավիճակից դուրս գալու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի` հենց այս տարի երկրորդ ռազմաճակատ բացել Բալկաններում կամ Ֆրանսիայում, որը կարողանա արևելյան ռազմաճակատից գերմանական 30-40 դիվիազիա դուրս քաշել, և միաժամանակ մինչև հոկտեմբերի սկիզբը Խորհրդային Միությանը մատակարարել 30 հազար տոննա ալյումին, ամեն ամիս առնվազն 400 ինքնաթիռ ու 500 տանկ (փոքր և միջին): Առանց օգնության այս երկու տեսակների Խորհրդային Միությունը կա'մ պարտություն կկրի, կա'մ այն աստիճան կթուլանա, որ երկար ժամանակ ի վիճակի չի լինի հիտլերականության դեմ պայքարի ճակատում իր ակտիվ գործողություններով դաշնակիցներին օգնել»:
Իսկ արդեն 1941-ի նոյեմբերին ԱՄՆ Նախագահ Ռուզվելտին հղած նամակում Ստալինը գրում է.
«Ձեր որոշումը, պարոն նախագահ, Խորհրդային Միությանը մեկ միլիարդ դոլար անտոկոս վարկ տարամադրելու վերաբերյալ, որն անհրաժեշտ է ռազմական հանդերձանքի և հումքի մատակարարումն ապահովելու համար, խորհրդային Կառավարության կողմից ընդունվեց սրտագին երախտագիտությամբ` որպես կենսական օգնություն Խորհրդային Միությանը` մեր ընդհանուր թշնամու` արյունարբու հիտլերականության դեմ մղվող ծանր պայքարում»:
«Լենդ լիզ» -ի դերի առաջին պաշտոնական գնահատականը տվել է ԽՍՀՄ պետպլանի նախագահ Նիկոլայ Վոզնեսենսկին` 1948-ին հրատարակված իր գրքում (ԽՍՀՄ ռազմական էկոնոմիկան Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում):
«Եթե համեմատենք դաշնակիցների կողմից ԽՍՀՄ-ին մատակարարումների չափերը այդ նույն ժամանակաշրջանում ԽՍՀՄ սոցիալիստական ձեռնարկությունների արտադրանքի չափերի հետ, ապա կպարզվի, որ այդ մատակարարումների ամբողջ տեսակարար կշիռը հայրենական արտադրության մեջ կազմում է ընդամենը շուրջ 4 տոկոս»:
«4 տոկոս» թիվը հրապապակվել է առանց մանրամասնելու և խիստ վիճարկելի է:
Մարշալ Գեորգի Ժուկովն իր հիշողությունների գրքում նույնպես անդրադառնում է «Լենդ լիզ» -ին.
«Սպառազինության մասին կարող են վկայել հետևյալ թվերը: Մենք «Լենդ լիզ» -ի ծրագրով ԱՄՆ-ից և Անգլիայից ստացել ենք 18 հազար ինքնաթիռ և ավելի քան 11 հազար տանկ: Իր զինված ուժերին սովետական ժողովրդի մատակարարած սպառազինության կողքին «Լենդ լիզ» -ի մատակարարումները միջինը կազմում են 4 տոկոս: Հետևաբար, այդ մատակարարումների վճռորոշ դերի մասի չարժե խոսել: Ինչ վերաբերում է տանկերին և ինքնաթիռներին, որոնք Անգլիայի և ԱՄՆ-ի կառավարությունները մեզ մատակարարեցին, կասեմ անկեղծորեն, դրանք հարգի չէին մեր տանկիստների և օդաչուների շրջանում»:
Այնինչ, 1963 թվականի մայիսի 27-ի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի նախագահ Վ. Սեմիչաստնին հետևյալն է գրել.
«…Ահա հիմա ասում են, թե դաշնակիցները մեզ երբեք էլ չեն օգնել…Բայց, ախր, չի կարելի ժխտել, որ ամերիկացիները մեզ այնքան նյութեր են ուղարկել, որ առանց դրանց մենք չէինք կարողանա կազմավորել մեր ռեզերվային զորամասերն ու չէինք կարողանա պատերազմը շարունակել…Ստացել ենք 350 հազար ավտոմեքենա, այն էլ ինչիսի~ավտոմեքենա: Մենք չունեինք պայթուցիչներ, չունեինք վառոդ, ու չգիտեինք ինչով լիցքավորել հրացանների փամփուշտները: Ամերիկացիներն իսկապես փրկեցին մեզ վառոդի հարցում: Իսկ որքա~ն թերթային պողպատ ուղարկեցին: Մի՞թե մենք կկարողանայինք արագ վերականգնել տանկերի արտադրությունը, եթե պողպատի ամերիկյան օգնությունը չլիներ: Իսկ հիմա այնպես են ներկայացնում, թե մեզանում այդ ամենի առատություն է եղել»:
«Լենդ լիզ» -ի դերը բարձր է գնահատել նաև Անաստաս Միկոյանը: Նա պատերազմի տարիներին եղել է ԽՍՀՄ յոթ ժողովրդական կոմիսարիատների (առևտրի, մթերումների, սննդի, ձկան, կաթնամսամթերքների արդյունաբերության, ծովային տրանսպորտի և գետային նավատորմի) գլխավոր պատասխանատուն ու որպես ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմ, ընդունել է «Լենդ լիզ» -ի բոլոր մատակարարումները:
«…երբ մեր երկիրն սկսեց ստանալ ամերիկյան շոգեխաշած մսի պահածոն, համակցված ճարպը, ձվի փոշին, ալյուրը և այլ մթերքներ, մեր զինվորները միանգամից որքա~ն ծանրակշիռ հավելյալ կալորիաներ ստացան: Եվ ոչ միայն զինվորները. որոշ բան էլ թիկունքին տրվեց:
Կամ էլ վերցնենք ավտոմեքենաների մատակարարումը: Չէ՞ որ մենք ստացանք, որքան հիշում եմ, շուրջ 400 հազար` այդ ժամանակի համար առաջնակարգ մեքենաներ` «Ստուդեբեքեր» -ներ, «Վիլիս» -ներ և ամֆիբիաներ: Մեր ամբողջ բանակը միանգամից հայտնվեց անիվների վրա, այն էլ ինչպիսի՜ անիվների վրա: Արդյունքում բարձրացավ նրա մանյովրայնությունը և նկատելիորեն մեծացավ հարձակման թափը:
Առանց «Լենդ լիզ» -ի մենք հաստատապես դեռ 1, 5 տարի էլ էինք կռվելու»:

Լուսանկարում` ԱՄՆ Նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ստորագրում է «Լենդ լիզ» -ի վերաբերյալ օրենքը:
Категория: ՀՈԴՎԱԾ | Просмотров: 1090 | Добавил: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ։